Friday, April 29, 2011

Կիլիկիայի Հայկական Թագավորությունը 12-14-րդ դդ. Մաս 1

Կիլիկիայի Հայկական Թագավորությունը 12-14-րդ դդ.
11-րդ դարի առաջին քառորդում Վասպուրականի Սենեքերիմ թագավորի հետ Փոքր Ասիա տեղափոխված ավելի քան 70 հազար հայեր բնակություն հաստատեցին Կիլիկիայում:
1045 թ. Գագիկ Բ.-ը զրկվելով իր թագավորությունից բնակվեց Պիզու քաղաքում (Կիլիկիա): Այս հանգամանքը առիթ տվեց որ հայ ազնվական տարրեր տեղափոխվեն Կիլիկիա:
1065 թ. Կարսի թագավոր՝ Գագիկ Աբասյանը թողեց իր երկիրը, եվ զորականների ու ազնվականների հետ տեղափոխվեց Ծամնդավ:
1073 թ. Կիլիկիա անցավ Արցախի Օշին իշխանը: Տեղփոխվեցին Սասունից, Շիրակից եվ այլ վայրերից հայեր:
11-րդ դարի 70-ականներին սելջուկների արշավանքների հետեվանքով հայկական բնակչության զգալի մասը տեղափոխվեց Կիլիկիա (Մամեստիա,Ադանա,Տարսոն):
Կիլիկիայի հայերը առաջացրին հայկական իշխանություններ: Այդ իշխնություններից էր նախկին բյուզանդական հայազգի զորավար Փիլարտոսի իշխանությունը: Փիլարտոսը մասնակցել էր 1071 թ. Մանազկերտի ճակատամարտին, նրա իշխանությունը Կիլիկիայում ընդգրկում էր Մարաշի, Քեսուի, Եդեսիայի եվ Անարզաբայի շրջանները: Փիլարտոսի մահից հետո Քեսուում առաջացավ Գող Վասիլի իշխանությունը:
Գագիկ Բ.-ի թիկնապահ՝ նրա ազգականներից էր իշխան Ռուբենը, որը հաստատվել էր Բարձրբերդում: Ռուբենը 1080 թ. ապստամբեց Բյուզանդական կայսրության դեմ, ամրանալով Կոռոմոզոլ բերդում եվ սկսեց պայքարի: Նրան օգնեցին Կիլիկիայի մյուս հայ իշխանները, եվ Ռուբենը սկիզբ դրեց Ռուբինյան իշխանության:
Ռուբենը իր իշխանության մեծ մասը տարածեց Լեռնային Կիլիկիայի վրա: Նրան հաջորդեց որդին՝ Կոստանդին Ա.-ը (1095-1100):
1098 թ. հայկական զորքերը գրավեցին Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն: Հայերի ռազմական հաջողություններին նպաստեցին Խաչակրաց արշավանքները:
Դաշտային Կիլիկիայում ամրապնդվելու համար 1104 թ.-ին հայոց բանակը բյուզանդացիներին դուրս քշեց Սիսից եվ Անրազաբայից: Ապա Թորոս Ա.-ը (1100-1129) եվ Գող Վասիլը ջախջախեցին Կիլիկիա մտած սելջուկներին: Թորոսի հաջորդ՝ Լեվոն Ա.-ի (1129-1137) ռազմական հաջողությունները անհանգստություն առաջացրին Բյուզանդիայում:
1137-ին բյուզանդական կայսրը անձամբ արշավեց Կիլիկիա, գրավեց Դաշտային Կիլիկիան ապա շարժվեց Լեռնային Կիլիկիա, եվ գրավելով ողջ Կիլիկիան գերեվարեց Լեվոնին ու նրա երկու որդիներին: Լեվոնն ու որդին՝ Ռուբենը մահանում են Կ.Պոլսում 1142 թ., իսկ մյուս որդին Թորոսը փախչելով Կիլիկիա համախմբում է հայկական ուժերը եվ Կիլիկիան մաքրում բյուզանդացիներից:
Թորոս Բ.-ին (1145-1169) հաջորդում է եղբայրը՝ Մլեհը (1169-1175), որը շարունակում է երկրի սահմանների ընդարձակումը, դաշնակցում հարեվան մահմետական իշխանությունների հետ՝ ծովեզերքը բյուզանդացիներից մաքրելու համար: Եվ այն պատճառով որ դաշնակցում է մահմետականների հետ՝ 1175 թ.-ին դավադրաբար սպաննվում է հայ հոգեվորականության կողմից:
Մլեհի օրոք վերաշինվեց Սիս քաղաքը եվ դարձավ իշխանության կենտրոն: Մլեհի հաջորդեց նրա եղբոր՝ Ստեփանեի որդի Ռուբենը (1175-1187), ապա Ռուբենի եղբայր Լեվոն Բ.-ը:
Լեվոնի իշխանության առաջին տարին իսկ 1187 թ. Իկոնիայի սուլթանի զորավար՝ Ռոստոմը հարձակվեց Կիլիկիա, սակայն Ռավիննում ջարդվեց նրա բանակը ու ինքն էլ սպաննվեց: 1188 թ. հայերը Իկոնիայի սելջուկների սուլթանությունից գրավեցին՝ Պռականա, Լուլոա, Պաղրաս եվ Դարպսակ բերդերը:
1189 թ. սկասծ Խաղակրական 3-րդ արշավանքին, Լեվոն Բ.-ը հատուկ բանակցությունների մեջ մտավ Գերմանիայի կայսր՝ Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, հայտնելով պատրաստակամությունը օգնելու պարենով, իսկ Ֆրիդրիխն էլ Լեվոնին խոստացավ թագավորական թագ շնորհել նրան:
Լեվոնը 1191 թ. անձամբ գլխավորած զորքերով օգնեց Անգլիայի թագավոր՝ Ռիչարտ Արյուծասրտին՝ Բյուզանդիայից Կիպրոսը գրավելու համար, որտեղ հաստատվեց Ֆրանսիական Լուսինյանների իշխանությունը:
Լեվոնի հաջորդ քայլը Կիլիկիայի իշխանության Անտիոքի դքսության կախվածության վերացնելն էր: Անտիոքի դուքսը Լեվոնի վաղեմի հակառակորթն էր, նա նույնիսկ Լեվոնի դեմ գրգռել էր Եգիպտոսի սուլթան՝ Սալահեդդինին:
Երբ Անտիոքի դուքսը առաջարկեց տեսակցել Լեվոնի հետ Կիլիկիայի եվ Անտիոքի սահմանամերձ մի վայրում, Լեվոնը ինքը որոշեց տեսակցության վայրը, որովհետեվ նախօրոք տեղեկացել էր դքսի խաբեության մասին: Տեսակցության պահին հայերը հանկարծակի բերեցին Անտիոքի դուքսին ու նրան ձերբակալեցին բերելով Սիս: Դուքսը հարկադրված հաշտություն կնքեց, որի համաձայն հրաժարվեց իր ավագությունից Կիլիկիայի նկատմամբ, վերադարձրեց Ռուբեն Բ.-ի օրոք գրավված Կիլիկյախն հողերը, իսկ դուքսի որդի Ռայմոնդը ամուսնացավ Լեվոնի եղբոր աղջկա Ալիծի հետ, պայմանով որ Ռայմոնդի մահից հետո իշխեր Ալիծից ծնված որդին:
Գերմանիայի կայսր՝ Ֆրիդրիխ Շիկամորուսը (1152-1190) սակայն իր տված խոստումը չկարողացավ կատարել: Նա Կիլիկիայում գտնված ժամանակ մի գետում լողացած ատեն խեղդամահ եղավ: Հայերը թագի խոստումի հարցը բարձրացրեցին նրա հաջորդ Հայնրիխ Զ.-ին, որը իր քարտուղար Կոնրադի միջոցով թագավորական թագ ուղարկեց Լեվոնին, սակայն Կոնրադը պատերազմի պատճառով չկարողացավ հասնել Կիլիկիա:
Այն ժամանակ Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Գ.-ը շտապեց ճանաչել Կիլիկիան որպես թագավորություն 1196 թ., իսկ երկու տարիներ հետո Հայնրիխի ուղարկած թագը հասավ Լեվոնին, որը 1198 թ. Հունվարի 6-ին Տարսոնի մեջ թագադրվեց որպես Հայոց Թագավոր:
Լեվոնը սկսեց ձեռնարկել անկախ իշխանությունների հնազանդեցումը, դրա համար 1202 թ. Լամբրոնի Հեթում իշխանին Տարսոն հրավիրեց խնամիական կապեր հաստատելու պատրվակով, սակայն բանտարկեց Հեթումին ու գրավեց Լամբրոնը:
1199 թ. մահանում է Անտիոքի դուքս Ռայմոնդը գահը թողնելով Ալիծի անչափահաս որդուն՝ Ռուբեն-Ռայմոնդին, սակայն նրա դեմ է ելնում հորեղբայրը՝ Տրիպոլսի կոմս Բոհեմունդը, որը գրավում է Անտիոքը: Պայքար սկսվում է Տրիպոլսի կոմսության եվ Կիլիկիայի թագավորության միջեվ եվ շարունակվում է մինչեվ 1216 թ., երբ Լեվոնի զորքերը մտան Անտիոք, դուրս քշեցին Բոհեմոնդին ու Ռուբեն-Ռայմոնդին հռչակեցին Անտիոքի դուքս: Սակայն Ռուբենը ապերախտ գտնվեց եվ զրկվեց Լեվոնի պաշտպանությունից: 1219 թ. Բոհեմունդը նորից գրավեց Անտիոքը:
1214 թ. Իկոնիայի սելջուկ սուլթան Քեյքավուզը հարձակվեց Կիլիկիայի վրա ու գրավեց Լուլուա բերդը, սակայն հայկական բանակը նրան դուրս քշեց: Քեյքավուզը նորից 1219 թ. հարձակվեց Կիլիկիայի վրա ու պաշարեց Կապանի բերդը, սակայն չհաջողվեց գրավել ու Կոստանդին Գունդստաբլին գերի առնելով վերադարձավ:
Լեվոն Բ. Մեծագործը մեռավ 1219 թ. Մայիսի 2-ին թողնելով բարգավաճ հզոր պետություն մը:
Նրա մահից հետո գահակալության հարցը բարդություններ առածացրեց: Իշխանությունը Կոստանդին Գունդստաբլի ձեռքն էր: Գահի հավակնորդ էր Լեվոնի ավագ դստեր Ռիթայի ամուսին՝ Երուսաղեմի թագավորի որդին: Ոտքի էր նաեվ Ռուբեն-Ռայմոնդը: Սակայն 1220 թ. Ռիթան ու նրա որդին մեռան, իսկ Կիլիկիա զորքերով մտած Ռուբեն-Ռայմոնդին ջախջախեցին Վահրամ մարաջախտի զորքերը:
Արքունիքը ստիպվեց արագացնել Զապելի (Լեվոնի մյուս դստեր) ամուսնության հարցը: 1221թ. Զապելը ամուսնացավ Անտիոքի դուքս՝ Բոհեմունդի որդու Ֆիլիպի հետ, որը օծվեց Կիլիկիայի թագավոր:
Սակայն Ֆիլիպը գահը նստելուց հետո սկսեց հայերին հեռացնել բարձր պաշտոններից տեղը տալով լատիններին: Դրա վրա 1223 թ. հայ իշխանները ձերբակալեցին ու բանտը նետեցին Ֆիլիպին:
1225 թ. Զապելը ամուսնացավ Կոստանդին Գունդստապլի որդի՝ Հեթումի հետ: Հեթումը 1226թ. Տարսոնում մեծ հանդիսությամբ օծվեց թագավոր:

1 comment:

  1. Շատ հետաքրքիր էր: Շնորհակալություն

    ReplyDelete